Ժամկետները հայտնի են, կոնկրետ օրը` ոչ. Աճեմօղլուն կգա Հայաստան

Օգոստոսին աշխարհահռչակ տնտեսագետը գործնական այցով կլինի մայր հայրենիքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն օգոստոս ամսին մի քանի օրով կայցելի Հայաստան։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Աճեմօղլուի բաղադրատոմսը կարո՞ղ է արդյոք «բուժել» ՀՀ տնտեսությունը

«Այս պահին քննարկվում են նրա այցի ժամկետները: Դա կլինի օգոստոս ամսին, բայց թե ամսվա որ հատվածում` չեմ կարող ասել։ Սպասում ենք Աճեմօղլուի վերջնական պատասխանին»,–ասաց Սիսեռյանը` հավելելով, որ տնտեսագետը հայրենիքում կմնա 4-5 օր։

Սիսեռյանի խոսքով` նախատեսված է հստակեցնել այն շրջանակները, որով Դարոն Աճեմօղլուն կարող է համագործակցել կառավարության հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Աճեմօղլուին հրավիրել է Հայաստան`տնտեսական հարցերում աջակցություն ստանալու համար և նրանից դրական պատասխան է ստացել:

Հետո լրատվամիջոցներում ինֆորմացիա հայտնվեց, թե Աճեմօղլուն պատրաստ է օգնել մայր հայրենիքին, բայց մեծ գումարի` 300 000 դոլար դիմաց: Հուլիսի 22–ին այս լուրը հերքեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` գրելով, որ Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել։