ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Հայտնի ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Վենետիկում առաջին անգամ իր օգտատերերից է լսել հայկական կղզու մասին։ Նա իր կնոջ՝ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյմասի համար ռոմանտիկ ճանապարհորդություն է կազմակերպել դեպի Իտալիա։ Ուղևորության ընթացքում նրանց հաջողվել է այցելել Վենետիկ, որտեղ Օհանյանը ֆոտոսեսիա է կազմակերպել կնոջ համար։
«Սերենան ինչ-որ իտալական բան էր ուզում ընթրիքին և․․․», — գրել է Ալեքսիսը լուսանկարի տակ։
Օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել Ալեքսիս գրառման տակ՝ խորհուրդ տալով այցելել Սուրբ Ղազար, որը փոքր կղզի է Վենետիկի ծովածոցի հարավային մասում՝ Լիդո և Սան Սերվոլո կղզիների միջև և համարվում է հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկը։
«Գնացեք Վենետիկի հայկական կղզի», — գրել է kristinlopopolo օգտատերը։
Խորհուրդը շատ լայքեր է հավաքել, և Ալեքսիս պատասխանել է նրան։
«Մենք մի ամբողջ կղզի ունե՞նք», — զարմացած գրել է Օհանյանը։
Ամենայն հավանականությամբ, Ալեքսիսը չի իմացել այդ կենտրոնի գոյության մասին, որտեղ ժամանակին կանգ է առել Բայրոնը, որը ծանոթացել է հայկական մշակույթի հետ և սովորել հայոց լեզուն։ Ներկա պահին կղզում միաբանները շրջայցեր են կազմակերպում, որոնց ընթացքում այցելուներին ծանոթացնում են արևելյան հնությունների մեծ հավաքածուի հետ` ներառյալ ամբողջությամբ պահպանված եգիպտական մումիան։