Ինչպես են գումարներ յուրացրել Վարդենիսի սոցաջակցության գործակալությունում. տեսանյութ

Յուրացումների գլխավոր դերակատարներից մեկը փոստային բաժանմունքի օպերատորն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տիգրան Աբրահամյանը 2013-15 թթ. ընթացքում, ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ, քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Արմեն Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` իրենց երկու ամսվա նպաստը, ընդհանուր առմամբ` հինգ միլիոն 400 հազար դրամ, Արմեն Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տիգրան Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն:

Իսկ նույն գործակալության աշխատակից Արտեմ Խաչատրյանը 2016-17 թվականներին, նույն նպատակով պայմանավորվել է նույն Արմեն Հակոբյանի հետ, և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ երեք միլիոն 600 հազար դրամ:

Հարուցվել է քրեական գործ: