Բաքվի բնակիչները կրկին զրկվել են լույսից․ հիմա՞ ինչ է պատահել

Ադրբեջանի մայրաքաղաքը մի քանի ժամով զրկվել է էլեկտրականությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի մայրաքաղաքի միանգամից մի քանի շրջաններում էլեկտրամատակարարման խափանումների պատճառը կարճ միացումն է եղել։ Այս մասին հայտնում է Sputnik.az-ը՝ հղում անելով «Ազեներջի» ԲԲԸ-ին։

Բլեքաութ Մինգեչաուրի ՋԷԿ-ում. վթար, որ բացահայտեց Ադրբեջանի աքիլլեսյան գարշապարը

Բաքվի մի քանի շրջաններում էլեկտրականությունն անջատվել է հուլիսի 20-ի ուշ երեկոյան, և մատակարարումը հաջողվել է վերականգնել միայն մի քանի ժամ անց։

«Բաքվի Ահմեդլի թաղամասի տարածքում «Ութերորդ կիլոմետրի» ու «Ազի Ասլանովի» առաջին ու երկրորդ էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերում միաժամանակ կարճ միացում է եղել, և հաղորդալարերը կտրվել են», — նշվում է հրապարակման մեջ։

Այդ պատճառով էլ անջատվել է մայրաքաղաքի շրջանների էլեկտրամատակարարումը։

«Միաժամանակ հայտնում ենք, որ «Ազերիշիգ» ԲԲԸ-ի տարածած տեղեկությունն այն մասին, թե Մարդակյան գյուղում «Շիմալ» էլեկտրակայանի աշխատանքը դադարեցվել է, իրականությանը չի համապատասխանում», — նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով Բաքուն նույնպես զրկել էր լույսից։ Այն ժամանակ էլեկտրականությունից զրկվել էին մեծ քաղաքները, ինչպես նաև երկրի հյուսիսային ու արևմտյան շրջանները։