Նոր բացահայտում. Երևանի դպրոցներից մեկի տնօրենը միլիոններ է յուրացրել որդիների «միջոցով»

Յոթ տարի շարունակ նա ստացել է ամենամսյա աշխատավարձը և յուրացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Քաղաքացին Շենգավիթ վարչական շրջանի դատախազին դիմում է հասցեագրել Երևան քաղաքի թիվ 46 դպրոցի նախկին տնօրեն Ա. Հ.-ի պաշտոնական լիազորությունները չարաշահելու, անօրինականություններ և յուրացումներ կատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Ավշարի դպրոցի տնօրեն ամուսինները «կերել են» աշխատավարձերն ու դպրոցից հոսանք գողացել

Քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Երևանի թիվ 46 միջնակարգ, այնուհետև ավագ դպրոցի նախկին տնօրենը 2010թ. հունվարից մինչև 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ձևականորեն որպես հիշյալ կազմակերպության աշխատողներ՝ ֆիզպատրաստականության ուսուցիչ, գիշերային պահակ, հնոցապան, ձևակերպել է իր 3 որդիներին:

Նա աշխատողների աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում ֆիքսել է, թե իբր որդիները հաճախել են դպրոց և կատարել աշխատանքային պարտականությունները։ Տնօրենն ավելի քան 7 տարի որպես ամենամսյա աշխատավարձ նրանց անունով փոխանցված խոշոր չափերի՝ ընդհանուրը 7.651.346 ՀՀ դրամ գումարը կանխիկացրել ու յուրացրել է:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար հուլիսի 21-ին Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել: Նա հատուցել է 4.200.000 ՀՀ դրամը և խոստացել, որ կփոխհատուցի նաև գումարի մնացած մասը:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: