Սարսափելի դեպք. Սյունիքում ձորն ընկած մեքենայի մեջ մոխրացած դիակ են հայտնաբերել

Դիակը եղել է ավտոմեքենայի հետևի նստարանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Սյունիքի մարզում դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Այսօր` հուլիսի 21-ին, ժամը 17:25-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է գլորվել ձորը, և հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ավտովթար Սևանում. ավտոմեքենայից երկու դիակ են դուրս բերել

Դեպքի վայր է ժամանել Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Հրշեջները՝ Գորիսի ոստիկանների, քաղաքացիների օգնությամբ փորձել են մարել Nissan մակնիշի 04 AM 014 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները:

Տեղում դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները:

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ավտովթար, թե սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ իրականացնելուց հետո:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Արմեն Մինասյանն է: Այս տեղեկությունը նույնպես ճշտվում է:

Կայքի տեղեկություններով` ավտոմեքենան հաշվառված է Ա. Մինասյանի անվամբ: