Գեներալ Մանվելին վագր տալու հարցը զայրացնում է նախկին պատգամավորին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է, թե Ազգային ժողովի նախկին պատգամավորը որքան վագր ունի, և ինչ է զգում նա, երբ նայում է վագրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը վագրեր է պահում։ Ավելին, նա բուծում է, և գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մեզ հետ զրույցում նա նախ զայրացավ հարցից, պահանջեց չձայնագրել խոսքը, հետո խոստովանեց, որ ժամանակին 2 վագր է բերել դրսից, որոնք ձագեր են ունեցել, հիմա 25, թե 27 վագր ունի»,- նշված է հոդվածում։

«Փաստորեն վագրեր եք բուծու՞մ»,- հարցրել է լրագրողը։

«Չէ, ես վագրեր չեմ բուծում, բուծելն էն է, որ վագրերին վաճառում ես։ Ես հո կոլխոզ չեմ, որ վագր բուծելով զբաղվեմ։ Ես որ վագրերին նայում եմ, հանգստանում եմ, առօրյա անցուդարձից կտրվում եմ»,- պատասխանել է Գևորգյանը։

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված վագրն այժմ Երևանի կենդանաբանական այգում է։

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառել էին 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ, 2 սիրամարգ և այլ հավազգիներ։