Երևանում բռնկած խոշոր հրդեհը լուրջ հետևանք է թողել

Հրշեջները մի քանի ժամ շարունակ փորձել են մարել կրակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Երևանի Մուշավան թաղամասում երեկ` հուլիսի 20-ին, բռնկած հրդեհի հետևանքով այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք, ինչպես նաև 7 չշահագործվող շինություն։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:12-ին, մարվել` 21:49-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայրում ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

Նշենք, որ «911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել էր ժամը 14:32-ին։

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հայտարարվել էր հրդեհի բարդության 2-րդ կանչ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար:

Դեպքի վայրում է եղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը։