Ի՞նչ են «թաքցնում» Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում

Ռուսական ռազմաբազայում հայտարարված բաց դռների օրը մարդկանց հնարավորություն տվեց տեսնելու, թե ինչ կա դարպասներից այն կողմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանն այսօր` հուլիսի 21-ին, մի քանի ժամով բացեց դռները հյուրերի առջև: Շատերը չգիտեին, որ պաշտպանական ու ռազմական նշանակության կառույցի տարածքում եկեղեցի կա, թանգարան, հանրահայտ Կալաշնիկովի արձանը… Շատերն էլ գիտեին դրանց մասին, բայց սեփական աչքերով չէին տեսել։

Հյուրերը ռազմաբազայի տարածքում շրջելուց առաջ ճաշեցին զինվորների հետ: Խոհանոցում Sputnik Արմենիային վստահեցրին` զինվորներն այստեղ՝ Հայաստանում, չեն կարոտում իրենց հարազատ կերակուրներին:

День открытых дверей 102-й российской военной базы (21 июля 2018). Гюмри

«Մեծ հաճույքով ուտում են հնդկաձավարով շիլա ու կարտոֆիլի խյուս, իսկ ամենից շատ սիրում են ռուսական սոլյանկա: Սիրում են նաև կոմպոտներ»,- ասաց խոհանոցում աշխատող Սիրուշ Ավետիսյանը: Հյուրերն ամենից շատ հավանեցին հնդկաձավարով շիլան ու միսը:

День открытых дверей 102-й российской военной базы (21 июля 2018). Гюмри

Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքը ոչ միայն ռազմական, այլ նաև պատմական կարևոր տարածք է: Բաց դռների օրը լավ առիթ էր տեղում ծանոթանալու ոչ միայն ռազմաբազայի ներկային, այլ նաև 19-րդ դարում տեղի ունեցած դեպքերին. պատմության թանգարանում ոչ միայն նկարները, այլ նաև մաուզերները, արկերը զինվորական հագուստն ու փաստաթղթերը խոսում են պատմական դեպքերի մասին, թանգարանի սրահներից մեկն էլ ներկայացնում է Մեծ Հայրենականի տարիների պատմությունը:

Музей истории 102-й российской военной базе в день открытых дверей (21 июля 2018). Гюмри

Ռազմաբազայի տարածքում է տեղադրված նաև լեգենդար կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը, որը Գյումրիում է «հայտնվել» դեռ 2014 թվականին, Ֆաինա Բուրգանովան էլ ներկա է եղել ամուսնու 95-ամյա հոբելյանի կապակցությամբ տեղադրված արձանի բացմանը:

Памятник Калашникову на территории 102-й российской военной базы, Гюмри

Այնուհետև հյուրերը եղան Սուրբ Ալեքսանդրայի եկեղեցում, որը 1837 թվականին կառուցվել է Նիկոլայ Առաջին ցարի հրամանով:

Русская церековь Святой Александры на территории 102-й российской военной базы, Гюмри

Ռազմակայանի այցելուները տեսան նաև այն հուշաքարը, որը նվիրված է 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի պատճառով զոհված ռուս զինվորներին ու սպաններին։

Мемориальный камень жертвам землетресения 1988 года на территории 102-й российской военной базы, Гюмри

Միջոցառման ավարտին 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` վստահեցնելով, որ հայ-ռուսական հարաբերություններն ամուր են, ոչ մեկը և ոչ մի միջադեպ չի կարող այդ կապը խաթարել:

Նշենք, որ ռազմակայանի տարածք եկած հյուրերը մինչ բազայի տարածքում գտնվող թանգարան ու եկեղեցի այցելելը մասնակցեցին նաև կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի աջակցությամբ։ Միջոցառման ընթացքում հերթական անգամ շեշտվեց հայ-ռուսական հարաբերությունների կարգավորումը։