ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան. ռեկտոր

Մայր բուհի ղեկավարը հայտնել է, թե ինչի արդյունքում է հնարավոր լինելու բարձրացնել աշխատավարձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Երևանի պետական համալսարանը դեռևս 6 տարի առաջ խնայողությունների ծրագիր է մշակել, որի հետևանքով այսօր հնարավոր է եղել պահպանել ֆինանսական կայունություն: ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանի և պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամին այլևս գումար չփոխանցելու արդյունքում սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը»,- ասել է նա:

Նա մտահոգություն է հայտնել դեռևս նախկին կառավարության օրոք գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ, որը, ըստ ռեկտորի, հարվածել է գիտությամբ զբաղվողներին:

Նախարարի և ռեկտորների հանդիպման ժամանակ քննարկվել են հետևյալ հարցերը` բուհերում այս տարի ուսանողների թվի նվազման հետևանքով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ։

Կարեն Ավագյանը հանցագործության մասին հաղորդում է տվել Երիտասարդական հիմնադրամի դեմ

Հարությունյանը նշել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի ուսանողների թիվը, որն իր ազդեցությունն է ունենալու բուհերի վրա: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը և ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռևս տարիներ առաջ: Ներկաները նշել են, որ ռեկտորների խորհուրդը բազմիցս քննարկել է այս հարցը, ինչպես նաև առանձին բուհեր իրավիճակային լուծումներ են փորձել գտնել:

Հանդիպմանը ներկա բոլոր ռեկտորներն անդրադարձել են իրենց բուհերում առկա ֆինանսական հիմնախնդիրներին, մասնավորապես, բարձրացվել է բուհերի աշխատակիցներին բժշկական ապահովագրություն տրամադրելու, ինչպես նաև գնումների գործընթացի և տարբեր հիմնավորումներով ուսանողների վարձավճարների զեղչերի վերաբերյալ հարցեր:

Ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնմխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման և այլ միջոցների շնորհիվ, որի հետևանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու: Հանդիպման ավարտին նախարարը ռեկտորներին զգուշացրել է, որ նոր ուսումնական տարվանից խիստ վերահսկողություն է իրականացվելու դասապրոցեսի և ուսանողների հաճախելիության խնդրին: