Նախարարն էլ է անդադար ապշում... Թորոսյանը հետաքրքիր տվյալներ է հրապարակել

Արսեն Թորոսյանը «հանելուկ» է առաջարկել իր էջի բաժանորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարը խնդրել է ՊԵԿ-ի գործընկերներին, որ մարզային մի բուժհաստատության հաշիվների վրա կալանք չդնեն հարկային պարտքերի պատճառով, որպեսզի այդ բուժհիմնարկը չդադարի գործել մինչև լուծեն ֆինանսավորման հարցերը։ Նախարարն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանի իր էջում։

«Միաժամանակ տեղեկացա, որ մեկ այլ երևանյան բուժհաստատության «գործերը» այնքան լավ են եղել, որ հարյուրավոր միլիոնների հասնող բանկային ավանդներ է ներդրել»,- գրել է նա։

Նախարարը հայտնել է` 2016-2018թթ-ին ԲԿ-ն բացել է թվով 6 ավանդային հաշիվներ և կնքել է թվով 35 ավանդի պայմանագրեր, 2016թ-ին թվով 24, 2017թ-ին թվով 7, 2018թ-ին թվով 4 պայմանագիր` դասական ժամկետային, կուտակվող ավանդի և բիզնես ավանդի պայմանագրեր:

Առանձին դեպքերում նույն օրը կնքվել են 4 տարբեր պայմանագրեր` տարբեր ավանդային հաշիվներով, օրինակ 21.11.2016թ-ին: 2017թ-ի ապրիլի 12-ին կնքվել է 2 ավանդի պայմանագիր տարբեր ավանդային հաշիվներով և 2018թ-ի ապրիլի 3-ին 2 տարբեր ավանդային հաշիվներով: 2016-2018թթ-ի ԲԿ-ի կողմից ներդրված ավանդների ընդհանուր գումարը, ըստ բանկի` ավանդային հաշիվների վերաբերյալ ներկայացրած քաղվածքների, կազմում է 280 մլն դրամ:

«Կարո՞ղ եք գուշակել բուժհաստատության անունը մեկ անգամից…»,- հարց է ուղղել Թորոսյանը։

Նրա էջի բաժանորդները նշել են Երևանում գործող խոշոր բուժկենտրոնների անունները

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումների ընթացքում ի հայտ եկած փաստերն ամեն օր շոկի են ենթարկում իրեն։

Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ խախտումներ են հայտնաբերվել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում։