Սարգսյանը պատրաստ է հնարավորությունների սահմանում աջակցել աստղադիտարանին

ՀՀ նախագահը նշել է` պետք է իմանալ, թե 10 կամ 20 տարի հետո որտեղ պետք է լինի Բյուրականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հուլիսի 21-ին, այցելել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, հանդիպել աշխատակիցների հետ, ծանոթացել աստղադիտարանի ընթացիկ գործունեությանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Կյանքիս մի մասն անցել է այնտեղ». նախագահ Սարգսյանը մտադիր է այցելել Բյուրական

Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկություն է ներկայացրել ընթացիկ աշխատանքների ու ծրագրերի, միջազգային համագործակցության մասին:

Աշխատակիցների հետ անմիջական զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ատղադիտարանի զարգացման տեսլականի շուրջ:

Նախագահը կարևորել է առաջնահերթ խնդիրների ձևակերպումն ու առաջիկա տասնամյակների համար հստակ տեսլականի ձևավորումը:

«Ընդհանուր տեսլական ունենալը կարևոր է. պետք է իմանալ, թե տասը կամ քսան տարի հետո որտեղ պետք է լինի Բյուրականը»,-նշել է նախագահը՝ առաջարկելով որոշել առաջնահերթությունները, ծրագրեր ներկայացնել և պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել աստղադիտարանին:

Նախագահը շրջել է նաև աստղադիտարանի տարածքում, այցելել Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, զրուցել աշխատակիցների հետ, ովքեր տեղեկացրել են, որ այս տարի արդեն շուրջ 6000 այցելու են ընդունել:

1 / 3
Նախագահն այցելել է Բյուրականի աստղադիտարան
2 / 3
Նախագահն այցելել է Բյուրականի աստղադիտարան
3 / 3
Նախագահն այցելել է Բյուրականի աստղադիտարան