ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Comedy Club-ի աստղերը Երևան կգան. նրանք վաղուց էին ուզում ելույթ ունենալ Հայաստանում։ Այս մասին հայտնում է 7дней.ru պարբերականը՝ մեջբերելով շոուի հաղորդավար Պավել Վոլյայի ասածը։
«Հայաստանը միշտ հոգեհարազատ է եղել մեզ։ Սակայն չմոռանանք, որ Հայաստանն այլ երկիր է` այլ մտածելակերպով։ Այդ պատճառով մեզ համար փառատոնը ստեղծագործական մարտահրավեր է», — խոստովանել է Վոլյան։
Մասնակիցները Երևանում ելույթ կունենան Comedy Club փառատոնի շրջանակում, որը առաջին անգամ Հայաստանում կկայանա սեպտեմբերի 15-ին ու 16-ին։ Փառատոնին կմասնակցեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավիցը և ուրիշներ։
Վոլյան նշել է` հատուկ ծրագիր է պատրաստվելու, որի շրջանակում աստղերը ամբողջական կազմով են ներկայանալու։
Ով չկարողանա ներկա լինել փառատոնին, նա կկարողանա հատուկ թողարկումները տեսնել աշնանը՝ ՏՆՏ հեռուստաալիքով։
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն էլ իր հերթին նշել է, որ Comedy Club-ի յուրաքանչյուր փառատոնը մեծ իրադարձություն է։
«Երևանը 2018 թվականին իր 2800-ամյակն է նշում։ Երևանը սրտաբաց ու հարուստ պատմություն ունեցող անհավանական քաղաք է, մենք ուրախ ենք, որ այդ մեծ տոնակատարության մի մասն ենք լինելու», — ասել է Մարտիրոսյանը։
Comedy Club-ի մասնակից Գարիկ Խարլամովը հույս ունի, որ Հայաստանում համեղ խորոված է ուտելու։
Երգիծաբան-դերասան Սերգեյ Գորելիկովը բոլորին հրավիրում է փառատոնի օրերին Հայաստան գալ, քանի որ այդ վառ իրադարձությունից բացի,կարելի է Կասկադ բարձրանալ և տեսնել Արարատը կամ իջնել Հրազդան գետի կիրճ։ Հայաստանում կարելի է նաև սեփական աչքերով տեսնել՝ ինչպես են իսկական հայկական կոնյակ պատրաստում։
Հաղորդավարուհի Մարիա Կրավեցը խորհուրդ է տալիս Երևան այցելած բոլոր մարդկանց անպայման «Վերնիսաժ» գնալ ու «գին գցել»։