Երբեք չեմ մոռանա նրա ծիծաղը.Մեդվեդևան լուսանկար է հրապարակել մահացած ղազախ գեղասահորդի հետ

Հայտնի մարզուհին մտերիմ է եղել Դենիս Տենի հետ։ Համատեղ լուսանկարում Մեդվեդևան սահում է ղազախ գեղասահորդի մեջքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան (հոր կողմից` Բաբասյան) համատեղ լուսանկար է հրապարակել ղազախ գեղասահորդ Դենիս Տենի հետ, որին սպանել էին նախօրեին։

Օլիմպիական խաղերի 25–ամյա բրոնզե մեդալակրին սպանել են Ղազախստանում

«Դա երկու տարի առաջ էր։ Դենիսը գեղասահքի աշխարհում ամենաուրախ, անսովոր և կրեատիվ մարդկանցից մեկն էր։ Անհնար է հավատալ այս ամենին։ Ես չեմ ուզում և չեմ կարող հավատալ։ Ցավակցում եմ Դենիսի հարազատներին։ Երբեք չեմ մոռանա նրա ծիծաղը», – գրել է Մեդվեդևան։

Ալմաթիի ներքին գործերի բաժնի նախնական տվյալներով` մարզիկի վրա հարձակվել են երկու անհայտ անձ, որոնք փորձել են գողանալ նրա ավտոմեքենայի հայելիները։ Մարզիկը դիմադրություն է ցույց տվել, հանցագործները դանակով մի քանի անգամ հարվածել են նրա ազդրին։ Տենը 3 լիտր արյուն է կորցրել եւ հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ Դենիս Տենը 25 տարեկան էր։ Նա 2013թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։