Զինվորներին ուղարկվող ծանրոցների պարունակությունը կստուգեն

Պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և ԶՈՒ գլխավոր շտաբի մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության պետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Աշխատանքային խմբի առաջարկները համաձայնեցվելու են պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ, որից հետո մշակվելու է համապատասխան կարգ և մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացվելու է ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը: