Հայաստանը կշարունակի օգնել բարեկամ Սիրիային. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեսպանը պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում տիրող ռազմական և տնտեսական իրավիճակը: Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին` Սիրիայի ժողովրդին ուղարկված հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար:

ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին հույս է հայտնել Սիրիայում բնականոն կյանքի շուտափույթ վերականգնման վերաբերյալ և նշել, որ Հայաստանը կշարունակի բարեկամ սիրիացի ժողովրդին օգնության փուլային տրամադրման գործընթացը:

Քննարկվել են նաև Սիրիայում հայ համայնքին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից համայնքին հնարավոր աջակցության եղանակները:

Կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների մասին: