Աղբը կտանեն. նախարարը կանչել է «Սանիթեքի» տնօրենին ու Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին

Միանգամից փչացած աղբատարները միանգամից էլ կնորոգվեն։ «Սանիթեքը» խոստացել է աշխատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր` հուլիսի 20-ին, հանդիպման է հրավիրել «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլին և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին։ Նախարարն այս մասին հայտնում է իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկել են աղբահանության հետ կապված խնդիրները։

Պապիկյանը մտահոգություն է հայտնել քաղաքի սանիտարահիգիենիկ վիճակի և աղբահանության ոչ պատշաճ իրականացման կապակցությամբ։

«Սանիթեքի» տնօրենն իրավիճակը պարզաբանել է մեկ տասնյակ աղբատար մեքենաների միաժամանակյա խափանմամբ՝ հավաստիացնելով, որ արդեն իսկ Հայաստան են ներմուծվել անհրաժեշտ թվով մեքենաներ և երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ նոր մեքենաները։

Երևանի քաղաքապետի պաշտոնակատարն էլ հավաստիացրել է, որ լրացուցիչ տեխնիկական միջոցներով կաջակցեն «Սանիթեքին»` մինչև կվերականգնվի քաղաքի մաքրման աշխատանքների բնականոն ընթացքը։