Ոչ մի սաբոտաժ. «Սանիթեքը» հայտարարություն է տարածել

Ընկերությունը մեկնաբանել է տարածված լուրերն այն մասին, թե պատշաճ աղբահանություն չի իրականացնում Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հայցել է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

«Ընկերության տնօրինությունն անում է ամեն հնարավորը իրավիճակը կարգավորելու համար»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

«Սանիթեքը» վստահեցնում է, որ Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետեւանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:

Ընկերությունն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեքը» սաբոտաժ է անում եւ չի իրականացնում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով:

««Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մի շարք ակտիվիստներ մի քանի օր շարունակ քաղաքում բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Նա հրաժարական ներկայացրեց հուլիսի 9-ին։