Ով հարմարվեց, կմնա, ով ոչ` կգնա. Փաշինյանը` կադրային քաղաքականության մասին

Հայաստանում կադրային ճիշտ քաղաքականության համար վարչապետն անհրաժեշտ է համարել կադրային նոր բանկի ձևավորումը, որը նաև հնարավորություն կբացի Հայաստանի ու սփյուռքի լավագույն կադրերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է կառավարության կադրային քաղաքականության հարցին։

«Նոր կառավարությունում գործում են 3 խումբ մարդիկ` նոր, հին և այն մարդիկ, ովքեր լինելով հին ժամանակներում աշխատող, նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը»,– ասաց Փաշինյանը։

Կարպիս Փաշոյանը հրաժարական կտա

Նրա դիտարկմամբ` այսօր Հայաստանում  ադապտացիայի ժամակաշրջան է, որն անխուսափելի է, քանի որ նոր իրավիճակը նոր է բոլորի` թե՛ հների, թե՛ նորերի և թ՛ե նորացված հների համար։

«Կառավարության ամենակարևոր խնդիրը եղել է հեղափոխության հաղթանակն արձանագրելը։ Ադապտացիայի շրջանում լինելու են մարդիկ, ովքեր հարմարվելու են իրավիճակին և մարդիկ, ովքեր չեն հարմարվելու իրավիճակին։ Եվ սա վերաբերում է բոլոր 3 խումբ մարդկանց։ Սա անխուսափելի է»,–ասաց նա։

Հայաստանում կադրային  ճիշտ քաղաքականության համար Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել կադրային նոր բանկի ձևավորումը, որը նաև հնարավորություն կբացի Հայաստանի ու սփյուռքի լավագույն կադրերի համար։

Հայաստանում դժվար է գտնել կադրեր, որոնք դժգոհություններ չեն առաջացնում։ Փաշինյանը վստահեցնում է` բոլոր ահազանգերը իր ուշադրության կենտրոնում են։ Լրագրողների կոնկրետ հարցին, թե ՊԵԿ–ում հայտնվել են կոռումպացված պաշտոնյաներ, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը նման կադրային նշանակումների մասին առանձին մի քանի անգամ խոսակցություն է ունեցել ՊԵԿ նախագահի հետ։ Վարչապետը հույս հայտնեց, որ այդ խոսակցությունն արդյունք կտա, ապա նաև խոստացավ` եթե արդյունք չտա, կհասնի իր արձագանքելու ժամանակը։