ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Պրանկերները փորձում են այդ խոսակցություններով ճշտել, թե որքանով է Եվրամիությունն աջակցել Հայաստանի հեղափոխական գործընթացներին։ Այդ մասին ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ իր անունից զանգում են քաղաքական տարբեր գործիչներին։
«Ես խնդրել եմ մեր դիվանագիտական ներկայացուցիչներին տեղեկացնել, որ ես իրենց հետ հեռախոսով չեմ խոսել։ Բայց, ցավոք, մեր գործընկերներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվել ինֆորմացիային` մտածելով, որ հին իշխանության և նոր իշխանության խնդիր կա, գուցե հին իշխանության դիվանագետները տեղյակ չեն` ում հետ են հեռախոսով խոսում նոր իշխանությունները», — ասաց Փաշինյանը։
Նա խոստովանեց, որ այդ հեռախոսազրույցների մեջ կա հումորի բաժին, բայց դրանք այդքանով չեն վերջանում։
«Իսկ ընդհանուր առմամբ, բացի հումորից, այո, ես տեսնում եմ որոշակի քաղաքական բովանդակություն՝ ճշտելու ձգտում։ Այդ խոսակցությունների հեղինակները փորձում են այդ խոսակցություններով ճշտել, թե որքանով է ԵՄ-ն աջակցել հեղափոխական գործընթացներին Հայաստանում, և հույս ունեմ` ճշտել-վերջացրել են»,- ընդգծեց վարչապետը։
Հիշեցնենք, որ ռուսաստանցի հայտնի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) կատակել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ. զանգել են նրան և որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ներկայացել։ Ավելի վաղ Լեքսուսի ու Վովանի թակարդն են ընկել Բորիս Ջոնսոնը, որն այդ պահին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն էր։