Փաշինյանը կմեկնի ԱՄՆ. հայտնի է` երբ և ինչ նպատակով

Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի վերաբերյալ մանրամասներ է հայտնել փոխվարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ: «Արմենպրեսը» հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Միրզոյանն ասել է, որ զգալի տեղաշարժեր արտաքին քաղաքականության մեջ իշխանափոխությունից և հեղափոխությունից հետո չեն ակնկալվում:

«Ակնկալվում են որոշակի սրբագրումներ Արևմուտքի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և բազմաթիվ այլ գործընկերների հետ: Մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները, որովհետև կարծում ենք՝ կա հսկայական պոտենցիալ, որը, ցավոք սրտի, իրացված չէ, և ժամանակը նոր պահանջներ է դնում, մասնավորապես Սիլիկոնային հովտի հետ կապված»,- ընդգծել է առաջին փոխվարչապետը:

Միրզոյանի խոսքով` և այս ամենը ոչ մի կերպ պետք չէ դիտարկել որպես Հայաստանի այլ գործընկերների և դաշնակիցների հետ ունեցած հարաբերությունների հաշվին արվող խորացում։