ՌԱԴԻՈ

Գալստյան. «Եվրամիությանը թվում է, թե Հայաստանում պարզապես անձանց փոփոխություն է եղել»

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մեկնաբանում է Հայաստանի և Եվրամիության այսօրվա հարաբերությունները։
Sputnik
Նարեկ Գալստյան

Գալստյանի կարծիքով` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում երկու խնդիր կա։ Առաջինն այն է, որ 20 տարի շարունակ ԵՄ մեր գործընկերները սովոր են եղել շփվել իշխանության կոնկրետ ներկայացուցիչների հետ, և նրանք ոչ միշտ են գոհ եղել համագործակցության մակարդակից։ Հիմա իսկապես իրավիճակը փոխվել է։ Դա գիտակցում են անգամ ԵՄ-ի ներկայացուցիչները։ Դա գիտակցելով հանդերձ` նրանք չեն պատկերացնում, թե ինչ խորքային փոփոխությունների մասին է խոսքը։

«Այս հսկա կառույցն ունի աշխարհի ամենաբարդ ու ամենամեծ բյուրոկրատական համակարգը, ուստի այն, որ 2 ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները նրանք դեռ լավ չեն պատկերացնում, կարծում եմ` նորմալ է։ Պետք էլ չէր ակնկալել, որ կկարողանան շուտ հարմարվել նոր իրավիճակին և նոր քայլեր կձեռնարկեն»,- ասաց Գալստյանը։

Քաղաքագետի խոսքով` երկրորդ հանգամանքն այն է, որ և՛ մեր իշխանություններն են հայտարարում, և՛ ԵՄ-ի ներկայացուցիչներն են շատ լավ հասկանում, որ առջևում ԱԺ արտահերթ ընտրություններ են։

«Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն սպասում է ընտրությունները կայանան, քանի որ երկարաժամկետ պայմանավորվածություններ չեն կարող ունենալ, և դրանից հետո արդեն նրանք իրենց քաղաքականության մեջ էլ միգուցե փոփոխություններ մտցնեն»,- նշեց Գալստյանը։

Քաղաքագետի խոսքով` նրանց թվում է, թե պարզապես անձանց փոփոխություն է եղել, բայց ոչ որակական։