Պայքարը Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև է. «Իրավունք»

Գ. Ծառուկյանը դեմ չի լինի ՀՖՖ-ն ղեկավարել, մինչդեռ նրան, ինչպես և Ռ. Հայրապետյանին կաշկանդում է առաջադրվել՝ հաշվի առնելով Արթուր Վանեցյանի պաշտոնը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի— Sputnik. «Իրավունք» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նա նաև անկեղծացավ, որ ֆուտբոլասեր է ու ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագել է Ֆրանսիային, որը դարձավ չեմպիոն:

Ֆուտբոլը դիմակներո՞վ. ինչպե՞ս է Վանեցյանը լուծելու «Նեմեց Ռուբոյի» հարցերը

«Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»,-ասաց ԱԱԾ տնօրենը:

Հիշեցնենք` օրեր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասում էր, որ չի նահանջելու և չի թողնելու իր պաշտոնը, իսկ հետո, այնուամենայնիվ, նահանջեց՝ ասելով, թե Վանեցյանի առաջադրման դեպքում ինքը չի առաջադրվի:

Իսկ մեր ունեցած տեղեկություններով՝ իրականում պայքարը գնում է ոչ թե Ռուբեն Հայրապետյանի և Արթուր Վանեցյանի միջեւ, այլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև:

Գաղտնիք չէ, որ Գ. Ծառուկյանը հայաստանյան սպորտում մեծ ներդրում ունի ու դեմ չի լինի նաեւ ՀՖՖ-ն ղեկավարել, մինչդեռ նրան, ինչպես և Ռ. Հայրապետյանին կաշկանդում է առաջադրվել՝ հաշվի առնելով Արթուր Վանեցյանի պաշտոնը»: