Գլխավոր շտաբի պետը խոստանում է` մտահոգ քաղաքացիները կլինեն զորամասում ու մարտական դիրքում

Զինված ուժերն արձագանքում են բանակը վարկաբեկող լուրերին։ Իրական ահազանգերով կզբաղվեն իրավապահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող: Այս մասին ասված է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հայտարարության մեջ։

«Այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում են զինված ուժերի հրամանատարական կազմը, սպաների հեղինակությունն ու վարքականոնը, փորձ է արվում որպես իրողություն ներկայացնել, որ ժամկետային պարտադիր զինծառայողների հանդեպ վատ վերաբերմունք է դրսևորվում, տարաբնույթ նպատակներով գումարներն են հավաքվում, իրային և պարենային բավարարումները լիարժեք չեն հասցվում, սոցիալ-կենցաղային պայմաններն անբավարար են և այլն»,- ասված է հայտարարության մեջ։

Գլխավոր շտաբի պետի դիտարկմամբ` այդ ամենը բարոյալքող ազդեցություն է ունենում զինված ուժերի անձնակազմի վրա և հասարակայնության շրջանում անհարկի շահարկումների տեղիք տալիս։

Զինվորներին ուղարկվող ծանրոցների պարունակությունը կստուգեն

«Կողմնակից ենք առողջ և կառուցողական քննադատությանը` այն դիտելով որպես առաջընթացի ապահովման կարևոր գործոն: Հաշվի առնելով, որ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո` պատրաստակամություն ենք հայտնում ցանկության դեպքում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում (զորամասում կամ մարտական դիրքում) զինված ուժերի առօրյային և գործունեությանն անմիջականորեն ծանոթանալու համար», — նշված է հայտարարության մեջ։

Փոխարենը Դավթյանն ակնկալում է, որ իրավապահներն օպերատիվ կարձագանքեն յուրաքանչյուր հրապարակման։ Իսկ Զինված ուժերն անհաշտ պայքար կմղեն անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ` դրանում ակնկալելով հասարակության աջակցությունը: