Եվ կրկին Ամուլսարը. Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

Ամուլսարի հանքը քիմիական նյութերով կաղտոտի շրջակա միջավայրը։ Բնապահպանության նախարարության աշխատակիցներն իմացել են, բայց դրական եզրակացություն են տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործ է հարուցել`ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

Ամուլսարում զենք չունեն, կրակում են խոսքերով. բնության աղտոտո՞ւմ, թե՞ ուղեղների լվացում

Ընդ որում, հնարավոր հանցագործության մասին հաղորդումը քննչական մարմինը ստացել է քաղաքացուց։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որը հետագայում վերանվանվել է «Լիդիան Արմենիա», ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որի հիման վրա 2016թ. ապրիլի 29-ին նշված ՊՈԱԿ-ը տվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն:

Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով հանքի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:

Այս հիմքով էլ այսօր հարուցվել է քրեական գործ, որի բազմակողմանի և քննության համար ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։