Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կռիվը նոր թափ է ստանում. «Ժողովուրդ»

Արարատի նախկին մարզպետը իրավապահներին ասել է, թե ինքը ոչ միայն գումար չի պահանջել Ալիկ Սարգսյանից, այլ ինքն է կաշառք տվել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կռիվը նոր թափ է ստանում: Ինչպես հայտնի է, Ալիկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ նախկին մարզպետը 2012թ. իրենից 60 000 դոլար է պահանջել՝ սպառնալով նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել:

Որքա՞ն գումար է Ալիկ Սարգսյանը տվել նախկին մարզպետին. նոր բացահայտումներ

Վարդգես Հովակիմյանն էլ իրավապահներին հայտնել է, թե ոչ միայն Ալիկ Սարգսյանից գումար չի պահանջել, այլև ինքն է նրան տվել՝ որպես կաշառք այն ժամանակ, երբ Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնն էր զբաղեցնում:

Իսկ գումարը տվել է իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար, սակայն Սարգսյանը խոստումը չի կատարել, գումարն էլ չի վերադարձրել: Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից փորձել է պարզել, թե արդյոք նա տեղյակ է եղել այս պատմությունից ու փորձե՞լ է պարզել իրականությունը:

Ի պատասխան՝ ՀՀ ոստիկանապետը հայտնել է. «Ընդամենը երեկ երեկոյան եմ տեղեկացել խնդրի մասին և այն էլ լրահոսից»: