Կաշառք տալու փոխադարձ մեղադրանքներ նախկին պաշտոնյաների կողմից. գործը ՀՔԾ վարույթում է

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ու Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը «կռիվը» նոր փուլ է մտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կռիվը նոր թափ է ստանում. «Ժողովուրդ»

Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 4-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջում է առանձնապես խոշոր չափերով գումար:

Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Հովակիմյանն իր հերթին հաղորդում է տվել այն մասին, որ դեռևս 2008 թվականին իր նախկին աշխատակիցներից մեկը դիմել է իրեն՝ որդուն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդելու խնդրանքով, ինչի համար պատրաստակամություն է հայտնել կաշառք տալ:

Այդ կապակցությամբ հանդիպել է Ա. Սարգսյանին, ով ընդունել է տվյալ անձին ՃՈ ծառայությունում աշխատանքի ընդունելու համար կաշառքի առաջարկը, տեղում ստացել է կաշառքի գումարը և խոստացել կազմակերպել աշխատանքի ընդունման գործընթացը, սակայն խոստումն այդպես էլ չի կատարել, իսկ գումարը չի վերադարձրել:

Կատարվում է նախաքննություն: