Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է

ՀՀ վարչապետը խորհուրդ է տալիս չանհանգստանալ իր կախարդական փայտիկի հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Այսօր ՊԵԿ-ն այնպիսի բացահայտումներ է անում, որ ուղղակի ֆանտաստիկայի ոլորտից են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չէինք էլ պատկերացնում, որ մեր երկրում թալանի վիճակը կարող է լինել մեր բոլորի ամենավառ երևակայությունից անդին։ Կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի մեծ ծավալներ է ստացել, որ սկսել է ընդգրկել նաև այնպիսի մարդկանց, որոնք ծափահարել են հեղափոխության հաղթանակի համար»,- ասաց Փաշինյանը։

Նա վերահաստատեց նախկինում արած իր հայտարարությունն այն մասին, որ կոռուպցիայի դեմ տարվող պայքարը չի խնայելու նաև իր ընտանիքի անդամներին, եթե կլինի դրա անհրաժեշտությունը։

«Մենք պատմության ընթացքում շատ ենք տեսել դեպքեր, երբ հարկային մարմինը մեծ աղմուկով ներխուժել է այս կամ այն գործարարի տարածք, բացահայտումներ արել։ Բայց հետո պարզվել է, որ մի վարչապետի բարեկամին դրանով հեռացրել են բիզնեսից ու նրա տեղը տվել մեկ այլ վարչապետի բարեկամին»,- ասաց Փաշինյանը` վստահեցնելով, որ նոր կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարն այդ ավարտը չի կարող ունենալ։

Իսկ որ պայքարը հասնելու է ցանկալի արդյունքի, Փաշինյանը խորհուրդ տվել չկասկածել։

«Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է։ Կարող եք չանհանգստանալ»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը դեռ հունիսի 7-ին հայտարարել էր, որ կախարդական փայտիկ կա, և այն սկսել է իր գործը։