ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. «Սանիթեք» ընկերությունը, որը Երևանի մաքրության և աղբահանության պատասխանատուն է, հույս ունի մինչև շաբաթվա վերջ լուծել փողոցներում կուտակված աղբի հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր գործադիր տնօրենի օգնական Քրիստինա Հովհաննիսյանը։
Արդեն մի քանի օր Երևանում պատշաճ կերպով չի իրականացվել աղբահանություն։ Որոշ վարչական շրջաններում ոչ միայն աղբամանները լիքն են, այլև դրանց կողքին կուտակվել են աղբի սարեր։ Նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դժգոհությունից հետո իրավիճակը չի փոխվել։
Սակայն, մեր զրուցակցի խոսքով, հիմա իրավիճակը քիչ–քիչ կարգավորվում է, աշխատակիցներն աշխատում են հակաճգնաժամային ծրագրի շրջանակում և փորձում հնարավորինս արագ հաղթահարել մայրաքաղաքի փողոցներում տիրող հակասանիտարական վիճակը։ Միաժամանակ, Հովհաննիսյանը նշեց, որ աղբահանության խնդիրը կապված չէ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի կամ ընկերությունից զանգվածային հեռացումների հետ, ինչպես նշում են որոշ ֆեսյբուքյան օգտատերեր։ Նրա խոսքով` խնդիրները տեխնիկական են, աղբահավաք մեքենաները փչացել են, և ընկերությունը հետ է մնացել ժամանակացույցից։
«Հիմա փորձում ենք լրացնել բաց թողածը։ Մեզ օգնում են վարչական շրջանների ղեկավարները», – նշեց ընկերության ներկայացուցիչը։
«Ելք» խմբակցությունից Ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանն էլ կարծում է, որ եկել է ժամանակը մեղադրանքների սլաքները հենց վարչական շրջանների և կոմունալ ծառայությունների պատասխանատուների վրա ուղղելու։ Նա կարծում է, որ նրանք յուրահատուկ բոյկոտ են կազմակերպել` կապված Մարգարյանի հրաժարականի հետ։
«Ես չեմ ուզում հավատալ դրան, բայց կարծում եմ, որ որոշակի միտում նկատվում է։ Հանրապետականներն այնքան ժամանակ ոչինչ չեն արել, որ նրանց չի անհանգստացնում նույնիսկ այս հակասանիտարիան», – կարծում է նա։
Վարդանյանը նշեց, որ ամեն օր բազմաթիվ հաղորդագրություններ և լուսանկարներ է ստանում մայրաքաղաքի բնակիչներից։ Նրա կարծիքով` նույնիսկ, եթե խնդիրը բացառապես տեխնիկական է, ապա ՀՀԿ–ական ավագանու անդամները պետք է միջոց գտնեն օգնելու կամ նույնիսկ ստիպողաբար այս խնդիրը լուծել տալու։
«Սանիթեք Արմենիա» ընկերությունը, որը զբաղվում է աղբահանման աշխատանքներով, Sanitek International Group միջազգային ընկերության մասնաճյուղն է. հիմնվել է 2010թ-ին Բեյրութում։ Հայաստանի մայրաքաղաքում գործում է 2014թ-ի դեկտեմբերից։