ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. 2014թ. Ալմաթիի կենտրոնում անհայտ անձինք դանակահարել են Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 25–ամյա ղազախ գեղասահորդ Դենիս Տենին։ Նա մահացել է, հաղորդում է Sputnik Ղազախստանը։
Անհայտ անձինք փորձել են գողանալ նրա ավտոմեքենայի հայելիները։ Մարզիկը դիմադրություն է ցույց տվել, հանցագործները դանակով մի քանի անգամ հարվածել են նրա ազդրին։
Տենը 3 լիտր արյուն է կորցրել եւ հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Հիշեցնենք, որ Դենիս Տենը 2013թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։