Կիսով չափ «Ատլանտը». Ռուբեն Վարդանյանը բիզնես համայնքի «փայատեր» է դարձել

Գործարքի վրա ռուսաստանցի հայ բիզնեսմենը ծախսել է մոտ 10 միլիոն դոլար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik.  Ռուբեն Վարդանյանը դարձել է «Ատլանտի» բիզնես համայնքի գործընկեր, որի շրջանակներում ստեղծվելու է նոր ընկերություն: Միլիոնատերն այդ մասին հայտարարել է «Ատլանտի»-ի հիմնադիր Միխայիլ Վորոնինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ռուբեն Վարդանյանը կրկին ավտոմոբիլաշինական ընկերության ղեկին է

«Դա հավասար գործընկերություն է՝ 50-ը 50-ի, ես բիզնես եմ մտնում cash-in պայմաններով»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Forbes.ru-ի տվյալներով՝ ներդրումների հստակ գումարը գործընկերները չեն բացահայտել, բայց Ռուբեն Վարդանյանն ասել է, որ գումարներն այնքան էլ մեծ չեն, նա հետաքրքրված է «ակումբային» ենթակառուցվածքներով:

Գործարքի պայմաններից տեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը մոտ 10 միլիոն դոլարի մասին է: Գրեթե ամբողջ գումարն ուղղվելու է «Ատլանտի» բիզնես համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը: Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ Վորոնինը ստանալու է «մի փոքր վճար»:

Վորոնինն «Ատլանտի» բիզնես ֆորումը կազմակերպում է 2016 թվականից: Միջոցառմանը մասնակցում են նշանավոր քաղաքական գործիչներ և գործարարներ. օրինակ անցած տարվա հյուրերից մեկը Միխայիլ Ֆրիդմանն էր: Ռուբեն Վարդանյանի հետ գործարքից հետո Վորոնինը դառնալու է նախագծի գործընկեր և պատասխանատու է լինելու բոլոր օպերացիոն գործընթացների համար:

Հենրիխ Մխիթարյան, Ռուբեն Վարդանյան, Նարեկ Հախնազարյան. որտե՞ղ է հանդիպել «հայկական եռյակը»

«Ռուսաստանում ձեռնարկատերերը պատրաստ են ավելի բաց լինել: Նոր ներդրումները թույլ կտան զարգացնել առցանց կրթության ուղղությունը, ինչպես նաև սեփական մեդիաալիքները»:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ ֆորումի շրջանակներում բիզնես գաղափարների ֆինանսավորումից բացի նա գործընկերոջը կփոխանցի տարիների իր փորձը և գործընկերային կապերը, որոնք կարող են օգտագործվել բիզնես համայնքի ամրապնդման համար: Ստացված միջոցներն ուղղվելու են համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը:

«Ատլանտի» բիզնես համայնքը գոյություն ունի 2012 թվականից և բացի համանուն բիզնես ակումբից և ֆորումից անցկացնում է Winning the hearts ֆորումը:

«Ատլանտի» մեկ ֆորումի անցկացման արժեքը, կազմակերպիչների խոսքով, 150 միլիոն ռուբլի է: Եկամտի 80 տոկոսը գալիս է տոմսերի վաճառքից, իսկ մնացած մասը՝ հովանավորների միջոցներից: