ԵԱՀԿ գործող նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է

ՀՀ-ում ծավալված հակակոռուպցիոն պայքարը շարունակում է մնալ Եվրոպայի ուշադրության կենտրոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին:

Չարաշահումներ Վարդենիսի տուն-ինտերնատում. պետությանը 3 մլն դրամից ավելի վնաս է պատճառվել

Այս մասին տեղեկացնում են կառավարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը տարբեր հարթություններում, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ ուղղությամբ գործադիրը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը: Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ Հայաստանն այս ոլորտում անհրաժեշտ է համարում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու վերջիններիս կողմից հնարավոր օժանդակությունը:

Մի կաթիլ մեղր չդառնա. Աշոտյանը սխալ է համարում Փանիկի դեպքերի մասին Փաշինյանի դիտարկումը

Պաոլա Սևերինոն ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները և համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցության Հայաստանի կառավարության, այդ թվում արդարադատության նախարարության հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ նախատեսվող բարեփոխումները կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչն էլ իր հերթին կխթանի բիզնես միջավայրի բարելավումն ու արտաքին ներդրումների ներգրավումը: