ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Խաղից առաջ այն տպավորությունը կար, որ հայկական թիմը պետք է առավելություն ունենա մրցակցի նկատմամբ: Բացի այն հանգամանքից, որ «Գանձասար-Կապանը» խաղում էր Երևանում, այսինքն սեփական հարկի տակ, լեհերը ինքնաթիռի անսարքության պատճառով Հայաստան էին ժամանել գիշերը, զրկվելով նախախաղային մարզում անցկացնելու հնարավորությունից:
Սակայն այս գործոնը ոչ մի կերպ չօգնեց մեր թիմին: Համենայն դեպս առաջին կեսում «Լեխի» ֆուտբոլիստները պարզապես «մարեցին» այն ակտիվությունը, որը ուզում էին ցուցադրել հայկական թիմի ֆուտբոլիստները առաջին տասը րոպեներին:
Մինչև ընդմիջում միջին տեմպի պայմաններում ընթացող խաղում դժվար էր ասել, թե ում կուղեկցի հաղթանակը այս խաղում: Մերոնց կազմում Գեղամ Հարությունյանը կարող էր հասնել հաջողության, բայց նրա գլխով հարվածից հետո, «Լեխի» դարպասապահը որսաց գնդակը, իսկ Վբեյմանրի հարվածից հետո գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից շոշափելով դարպասաձողը: Գոլային պահ մերոնք կարողացան ստեղծել ընդմիջումից երկու րոպե առաջ, բայց Լուբամբո Մուսոնդան նպաստավոր դիրքից վրիպեց:
Մրցակիցը ակնհակտորեն խաղում էր հաշվի առնելով առաջին խաղի հաշիվը և այդ ռազմավարությունը երկար ժամանակ ծառայում էր «Լեխի» շահերին: Իսկ «Գանձասար-Կապանի» կողմից չկար այն ճնշումը, որի արդյունքում լեհերը կարող էին սխալվել: Պարզ էր, ընդմիջումից հետո մերոնք պետք է փոխեին իրենց մարտավարությունը:
Հաղթանակի հասնելու ու երկու գնդակի պակասը հետ վերադարձնելու համար առաջին հերթին հարկավոր էր գործել արագ ու լարվածություն ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում կամ մատույցներում:
Երկրորդ կեսի առաջին իսկ վայրկյաններից ակտիվությունը մեր խաղացողների գործողություններում ակնհայտորեն երևաց ու դրա շնորհիվ էլ «Գանձասար-Կապանը» բացեց հաշիվը: Շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Լուբամբո Մուսոնդան: Խաղի ընթացքը անմիջապես փոխվեց: Նախաձեռնությունը անցավ հայկական թիմի կողմը: Խաղն ընդհանրապես աշխուժացավ: Իսկ հանդիպման 67-րդ րոպեին Գեղամ Հարությունյանը տուգանայինից ֆանտաստիկ հարվածով կրկնապատկեց մերոնց առավելությունը:
Ընդհանուր դիմակայությունում հաշիվը հավասարվեց:
Մինչև վերջին վայրկյանները բոլորը սպասում էին լրացուցիչ ժամանակին: Բայց մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին վայրկյանին լեհերը տուգանայինից հասան հաջողության վճռելով դիմակայության ելքը իրենց օգտին: «Գանձասար-Կապանը» հաղթեց, բայց առաջին խաղի արդյունքը օգնեց մրցակցին հաջորդ փուլ անցնելու համար: