Չարաշահումներ Վարդենիսի տուն-ինտերնատում. պետությանը 3 մլն դրամից ավելի վնաս է պատճառվել

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրենը և պահեստապետը վաճառել են հիվանդանոցի հասանելիք միսն ու կաթնամթերքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և պահեստապետը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հարությունյանը, նախնական համաձայնության գալով նույն ՊՈԱԿ-ի պահեստապետ Վ.Նալբանդյանի հետ, վաճառել են ՊՈԱԿ-ին մատակարարված մսամթերքից 1260 կիլոգրամ տավարի միսը, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին:

Չարաշահումներ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում. կան մեղադրյալներ

Բացի այդ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է նաև նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3.569 լիտր կաթը, որից գոյացած գումարը կրկին չի մուտքագրվել կազմակերպության հաշվեհամարին։ Նախնական տվյալներով՝ կատարված հափշտակության հետևանքով պատճառված վնասը կազմում է 3.069.940 ՀՀ դրամ:

2018 թվականի հուլիսի 19-ին «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը և պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: