«Շիրակի» նոր արկածները ֆուտբոլում. ակումբը վերադառնում է Վանեցյանի հանդեպ հավատով

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հույս ունի, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին կնստի Ազգային անվտանգության ծառայության նախագահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն: Այս մասին նշված է ակումբի ֆեյսբուքյան էջում։

««Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց: Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին,ՀՖՖ ժողովի ժամանակ, կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջադրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ դադարեցրել էր «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամությունը ֆեդերացիային, իսկ վերջինս հրաժարվել էր մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը։

ԱԱԾ նախագահ Վանեցյանն այսօր չի հերքել, որ կարող է ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Չեմ ասի, թե կհրաժարվեմ, առաջիկա օրերին կքննարկենք։ Եթե որոշեմ առաջադրվել, կհայտարարեմ»,- ասել է նա,- պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի աշխարհի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»։

Վանեցյանը հիշեցրել է, որ առաջադրումը պետք է անեն ֆուտբոլային բարձր լիգայում խաղացող ակումբները։