ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի հերքում, որ կարող է ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Նա այսօր այս մասին խոսեց լրագրողների հետ։
«Չեմ ասի, թե կհրաժարվեմ, առաջիկա օրերին կքննարկենք։ Եթե որոշեմ առաջադրվել, կհայտարարեմ»,- ասաց նա,- պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի աշխարհի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»։
Վանեցյանը հիշեցրեց, որ առաջադրումը պետք է անեն ֆուտբոլային բարձր լիգայում խաղացող ակումբները։
«Եթե ակումբները որպես միասնական թեկնածու որոշեն առաջադրել ինձ, ես մեծ սիրով կընդունեմ»,- ասաց նա։
Իսկ մինչ այդ նա կոչ արեց հայաստանյան բոլոր թիմերին մասնակցել Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը` անկախ այն հանգամանքից, թե ինչ հարաբերությունների մեջ են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։
Հիշեցնենք` հուլիսի 17-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ սեպտեմբերին ինքը չի առաջադրվի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, կառաջադրվի Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը չէր հերքել այս լուրը` նշելով, որ հարցը քննարկելու կարիք ունի, և ԱԱԾ ղեկավարն առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումը: