Փանիկում տեղի ունեցածը սադրանք է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Փանիկ գյուղում ռուսական զինուժի անցկացրած զորավարժությունների շուրջ ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցածն անթույլատրելի միջադեպ է։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես դա համարում եմ սադրանք`ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, սադրանք` ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի միջադեպը, որովհետև պետք է պարզաբանվեն միջպետական պայմանագրերի և ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցերը։

Ռուսաստանյան կողմն այսուհետ առավել հետևողական կլինի. ի՞նչ է եղել Փանիկում

Այդուհանդերձ, Փաշինյանը հայտնեց, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, հույս հայտնեց, որ քննության ընթացքը արդյունավետ կլինի։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 17-ի առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝ փաստելով, որ երեխաները վախեցել են:

«Գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժությունների անցկացման համար երբևէ չի ծառայել, և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չենք ստացել»,-նշեց համայնքի ղեկավարը` ասելով, որ ինքն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:

Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել էին գյուղի տարածք` իրավիճակին ծանոթանալու: