Օրբելյանը չի հեռանում. «Կախարդական սրինգը» կմեկնի ԱՄԷ և Քուվեյթ

Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մտադիր չէ հեռանալ պաշտոնից։ Նա շատ ծրագրեր ունի։ Արտասահման բեմեր կբարձրանան միանգամից մի քանի հայկական բեմադրություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը չի փոխվի։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հերքել է իր հեռանալու մասին լուրերը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել, թե իբր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Օրբելյանը (Երևան է հրավիրվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից` խմբ.) որոշել է հեռանալ թատրոնից։

Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի 2018»–ի հավակնորդ է

Sputnik Արմենիայի հետ զրույցում Օրբելյանը հայտարարեց, որ նա շատ ծրագրեր ունի` կապված թատրոնի հետ, և պետք է ինչ-որ արտառոց բան տեղի ունենա, որպեսզի ինքը հեռանա թատրոնից։ Նա նաև հերքեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերը։

Օրբելյանը տեղեկացրեց, որ օգոստոսին թատերախումբը «Կախարդական սրինգ» օպերային ներկայացումով կմեկնի Դուբայ, իսկ սեպտեմբերին` Քուվեյթ (երկրի օպերային թատրոնի բացման շրջանակում)։ Նա նշեց, որ դա կլինի առաջին օպերային ներկայացումը` բեմադրված Քուվեյթի ամբողջ պատմության ընթացքում։ Անշուշտ, հաշվի են առնվել արաբական մշակույթի որոշ նրբություններ և յուրահատկություններ, ասաց գեղարվեստական ղեկավարը։

Օրբելյանը հաղորդեց, որ հուլիսի 24–ին Մոսկվայի Մեծ թատրոնի պատմական բեմում կներկայացվի միակ ներկայացումը` «Գայանե» բալետը, նվիրված կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հոբելյանին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100–ամյակին։ Օրբելյանը նշեց, որ բոլոր տոմսերն արդեն վաճառված են, և ռուս հանդիսատեսը անհամբերությամբ սպասում է պրեմիերային։

Վերջին անգամ Մեծ թատրոնի բեմում «Գայանե» բալետը բեմադրվել է 57 տարի առաջ` 1961թ–ի փետրվարին։ Նախագծի պրոդյուսերն է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի մշակութային և հումանիտար հարցերով խորհրդական Կարեն Խաչատրյանը։