Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումներն ակնհայտ են. Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազը վստահ է` Հանրային հեռուստաընկերությունում բացահայտված չարաշահումների թեմայով նաև մեղավորների անուններ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հ1-ում առերևույթ եղել են հիմքեր քրեական գործ հարուցելու համար, բայց դեռ անուններ չեմ կարող տալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Քննության ընթացքում պետք է պարզվի, թե համապատասխան սխեմաների մեջ ովքեր ինչ ներգրավվածություն են ունեցել, և ում արարքում հանցակազմ կա:

Չհիմնավորված ծախսեր, կեղծ փաստաթղթեր. քրգործ է հարուցվել Հանրային հեռուստաընկերության դեմ

Մնացածը կքննվի, քրեական գործի ընթացքում կպարզվի այդ ամենը»,- ասաց Արթուր Դավթյանը:

Գլխավորը դատախազը նշեց, որ կոնկրետ մարդկանց դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 4–ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, համաձան որի Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին մեղադրանք է առաջադրվել ուռճացված, անհիմն ծախսերի և կեղծ պայմանագրերի համար:

Ուսումնասիրությամբ արդեն իսկ պարզվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից պետության բյուջետային միջոցներով 2015-2016 թվականներին իրականացված շուրջ 168.5 մլն. դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր, կատարողական ակտեր կազմելով և օգտագործելով, ուռճացված, անհիմն ծախսեր հաշվարկելով և վճարելով:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: