Ինչպես գոյատևեն 10 աշակերտ ունեցող գյուղական դպրոցները. ՀՀ կրթության նախարարի պատասխանը

Դպրոցը, մանկապարտեզը, գրադարանն ու մշակութային կենտրոնն ուզում են միավորել նույն տանիքի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Կրթության և գիտության նախարարությունը կմտածի`ինչ անել ոչ մեծ գյուղերի դպրոցները պահպանելու համար։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Հաջորդ տարվանից դպրոցների նկատմամբ խիստ են լինելու. հերթը կհասնի նաև տնօրեններին

Նա ավելացրեց, որ նախկին կառավարության օրոք առաջարկում էին փակել այն դպրոցները, որոնք աշակերտների քանակի խնդիր ունեն։

Այն ժամանակ նպատակահարմար էին գտել այդ գումարն ուղղել ավելի խոշոր հարևան դպրոցների բարեկարգմանը, ուր մեքենաներով և ավտոբուսներով կարելի էր տանել փոքր գյուղերի աշակերտներին։

Հարությունյանի խոսքով` նոր կառավարությունն այլ ելք է տեսնում։

«Մենք ուզում են գյուղերում մեկ տանիքի տակ միավորել մանկապարտեզը, դպրոցը, գրադարանն ու մշակութային կենտրոնը», — ասաց նա։

Հիշեցնենք` Կարեն Կարապետյանի օրոք Երևանում ու մարզերում ավելի քան տասը դպրոց էր փակվել, գործընթացը պետք է շարունակվեր։