33–րդ անգամ Հայաստան այցելող Ֆրանսուա Ռոշբլուանին արդեն հայկական անձնագիր ունի

Այսօր Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ ֆրանսիացի գործիչը մեկնել է Արցախ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին է հանձնել Հայաստանի Հանրապետության անձնագիր։ 

Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, ընդունելության ընթացքում վարչապետը բարձր է գնահատել պարոն Ռոշբլուանի դերը հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել երկար տարիների ընթացքում կատարած հայանպաստ գործունեության համար:

Մուսալեռից մինչև ֆրանսիացի նոր ներդրողներ. արտգործնախարարը` հայ–ֆրանսիական կապերի մասին

Օրերս Ֆրանսուա Ռոշբլուանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել: Նիկոլ Փաշինյանը վերջինիս է հանձնել Հայաստանի Հանրապետության անձնագիրը և համոզմունք հայտնել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը նոր խթան կհանդիսանա, որպեսզի նա էլ ավելի ամրապնդի կապերը Հայաստանի, հայ ժողովրդի հետ և հաճախակի այցելի մեր երկիր:

Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհակալություն է հայտնել վարչապետին մեծ գնահատանքի համար և հավելել, որ լինելով հայ ժողովրդի բարեկամը՝ ՀՀ անձնագիր ստանալը մեծ նշանակություն ունի իր համար: Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահը տեղեկացրել է, որ սա իր 33-րդ այցն է Հայաստան և վստահեցրել, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման:

Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ հետևել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին՝ հավելելով, որ հեղափոխության խաղաղ բնույթը ևս մեկ անգամ վկայում է ժողովրդավարական արժեքներին հայ ժողովրդի հավատարմության մասին: Ֆրանսիացի գործիչը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է նորանոր հաջողություններ և տեղեկացրել, որ հուլիսի 19-ին պատրաստվում է այցելել Արցախ: