Հայաստանցի մասնագետը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վտանգ է տեսնում

Կառավարության խոստացած էժանացման փոխարեն Հայաստանին կարող է էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացում սպառնալ։ Խնդրի մասին լրագրողների հետ իր մտահոգություն է կիսել էներգետիկ ոլորտի մասնագետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Կնվազի՞, թե՞ կավելանա էլեկտրաէներգիայի սակագինը, պարզ կդառնա այն բանից հետո, երբ հայտնի կլինի` ատոմակայանի նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետին, թե՞ ուշացումով։

Այս մասին Sputnik Արմենիա մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԷԿ նախկին տնօրեն, ատոմային էներգետիկայի վետերանների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Սուրեն Ազատյանը։

Գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները 2010-2018թթ.

Մասնագետին մտահոգել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի այն հայտարարությունը, որ ՀԱԷԿ–ի գործարկման յուրաքանչյուր 1 օրվա ուշացումը Հայաստանի համար 220 մլն դրամ կարժենա։

«Հոկտեմբերի 2-րդ կեսից համակարգի պահանջարկն ու սպառումը կավելանա մինչև 800-900 ՄԳՎտ, և այդ հզորությունը ստիպված կլինեն լրացնել ջերմակայանների արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին, որի սակագինը 4 անգամ ավելի թանկ է»,– ասաց Սուրեն Ազատյանը` հավելելով, որ սակագնի թանկացումն արդիական խնդիր կդառնա այն պահից, երբ ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան կփոխարինվի ավելի թանկ ինքնարժեք ունեցող աղբյուրների արտադրանքով։

Նշենք, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տարածած հայտարարության և ռուսական կողմի հետ պայմանագրի համաձայն` հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի առաջին տուրբոագրեգատը նախատեսվում է գործարկել շուրջ 1 ամսից` օգոստոսի 1-ին՝ 2–րդը` դեկտեմբերի 31-ին:

Բայց նույնիսկ այս` պաշտոնապես հայտարարված ժամկետները բանախոսը ճիշտ չի համարում։

Ռուսական վարկը էլեկտրաէներգիայի սակագինը շատ չի փոխի. մասնագետ

«Նույնիսկ եթե ՀԱԷԿ–ի 2-րդ ագրեգատը գործարկվի դեկտեմբերի 31-ին, առանց ուշացման, դա արդեն սխալ է, որովհետև դրա արտադրած էլեկտրաէներգիայի կարիքը մենք ավելի շուտ ենք սկսելու զգալ` այն պահին, երբ հայաստանյան սպառողները կանցնեն ձմեռային գրաֆիկի` հոկտեմբերի երկրորդ կեսին»,– ասաց ՀԱԷԿ նախկին տնօրենը։

ԱԷԿ-ի երկարացման աշխատանքներն իրականացվում է ռուսական կողմի տրամադրած 270 միլիոն վարկային պայմանագրով և ՌԴ կառավարության տրամադրած 30 միլիոն դոլարի դրամաշնորհի միջոցով։

ՀԱԷԿ–ի արդիականացման ամբողջ աշխատանքը նախատեսվում է ավարտել 2019 —2020 թթ–ին։ Հիմնանորոգման գլխավոր կապալառուն «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է, որն ընդգրկված է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայում։

2018թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքների համար ՀԷՑ-ը գործող 44.98 դրամի փոխարեն ցերեկային սակագին է սահմանել 40, գիշերային սակագինը` 34.98 դրամի փոխարեն` 30 դրամը:

Հայաստանի կառավարությունը խոստացել է միջոցներ ձեռք առնել բոլոր սպառողների համար սակագները նվազեցնելու ուղղությամբ։