ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ուրալում ավտոմեքենա վաճառելիս դաժանաբար սպանել են Քսենյա Տուլենկովա-Մեցգերին` Missis World Russia գեղեցկության ազգային մրցույթի եզրափակիչ անցած աղջիկներից մեկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
29 տարեկան կնոջ մարմինը` բռնության նշաններով, գտել են հուլիսի 17-ին Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում։
ԶԼՄ-ները հայտնում են, որ Տուլենկովա-Մեցգերն ամուսնանալուց հետո տեղափոխվել է ԱՄՆ։ Նա եկել է Ռուսաստան` այցելելու հարազատներին և վաճառելու ավտոմեքենան։ Հուլիսի 16-ի երեկոյան նա մեկնել է պոտենցիալ գնորդի հետ հանդիպման և դրանից հետո անհետացել է։ Գնորդները կնոջ հարազատներին հայտնել են, որ վաճառքի մասին պայմանագիրը կնքելուց հետո նա վերցրել է գումարը և հեռացել տաքսիով։
Հանցագործության կասկածյալին ձերբակալել են, նա 24 տարեկան է, Մագնիտոգորսկի բնակիչ։ Chelyabinsk.ru-ի տվյալներով` երիտասարդն այն ավտոսերվիսի սեփականատերն է, որտեղ Տուլենկովա-Մեցգերը բերել է ցույց տալու իր Skoda Octavia-ն։
«Ըստ նախնական տվյալների` սպանության գործիքը եղել է մուրճը։ Քննությունը սպանության հիմնական վարկած է դիտարկում սպանվածի ավտոմեքենային տիրանալը», — ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ԶԼՄ-ների հետ կապերի քննչական վարչության ղեկավարի ավագ օգնականի պաշտոնակատար Ալեքսանդր Սկորիկը։
Քսենյայի` «Վկոնտակտեի» էջում ընկերները ցավակցություն են հայտնում և գրում, որ չեն կարողանում հավատալ կատարվածին։ Նրանք Քսենյայի հետ համատեղ լուսանկարներ և նրան նվիրված բանաստեղծություններ են հրապարակում։