ՌԱԴԻՈ

Նանուշյան. «Ծխելու համար նախատեսված տուգանքների հարցը քննարկելու ենք հասարակության հետ»

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է ծխելու դեմ պայքարի մասին։
Sputnik
Լենա Նանուշյան

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության շրջանում է մեծ է ծխելու տարածվածությունը, ինչն ահազանգ է լրացուցիչ քայլեր ձեռնարկելու համար։ Ավելացել է նաև ծխող կանանց թիվը։

«Մենք միշտ նշել ենք, որ ի տարբերություն մյուս երկրների, օրինակ` ԱՄՆ-ի, մեզ մոտ ծխող կանանց թիվը շատ քիչ է, բայց արդեն նկատում ենք, որ կանայք հանրային վայրերում ավելի շատ են ծխում»,- ասաց Նանուշյանը։

Նա անդրադարձավ նաև ծխելու մասին օրենքին, որն ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց։

«Տուգանքները ոչ թե պետք է փող հավաքելու նպատակ ունենան, այլ կանխարգելման։ Մարդիկ պետք է հասկանան, որ եթե ծխեն չթույլատրված վայրում, ուրեմն պետք է որոշակի գումարով տուգանվեն։ Օրենքի նախագծի շուրջ քննարկումները վերսկսել ենք։ Փոքր աշխատանքային խումբ ենք ստեղծել նախարարության ներսում, բայց դա չի նշանակում, որ դրանով սահմանափակվել ենք։ Տուգանքների հարցը քննարկելու ենք հասարակության հետ։ Մի քանի անգամ քննարկումներ կկազմակերպենք»,- ասաց նա։

Նանուշյանը նշեց, որ նախարարության մասնագետների կարծիքով` պետք է պատասխանատվությունը կրի իրավաբանական անձը, և նա հետևի, որ իր հիմնարկի տարածքում չծխեն և հետևեն ծխելու դեմ պայքարի կանոններին։