ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Տարիներ շարունակ ամենաթողության վիճակում աշխատող մի շարք բուժաշխատողներ և բուժհիմնարկների ղեկավարներ սիրո և համերաշխության հեղափոխության սկզբունքները շփոթել են «բեսպրեդելը» շարունակելու անժամկետ քարտ-բլանշի հետ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է արել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` միաժամանակ խոստանալով` արձագանքը կոշտ է լինելու, շատ կոշտ։
«Ոչ մի ստորագրահավաք ու դրանք copy-paste անող մամուլ «չի փրկելու» տարատեսակ սաբոտաժներ հրահրողներին։ Աշխատանքային կարգապահությունը ու բուժհիմնարկների աշխատանքի արդյունավետությունը վերականգնվելու են»,- գրում է Թորոսյանը։
Նշենք, որ վերջին օրերին Հայաստանի տարբեր բուժհիմնարկներում աշխատակիցների շրջանում դժգոհություններ են առաջացել ղեկավարներից։ Որոշ տեղերում դա արտահայտվում է լոկալ գործադուլների, որոշ տեղերում`դիմում-բողոքների տարբերակով։