Պետությունը տարեկան 3 տոկոսով վարկեր է տրամադրում ագրովերամշակողներին

Պետությունը գյուղացու և ագրովերամշակողի համար երկուստեք շահեկան տարբերակ է մտածել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ագրովերամշակման ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով վերամշակողները վարկ են ստանում 3 տոկոս տոկոսադրույքով: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հայկական միրգը մյուս տարվանից ուզում են ապահովագրել կարկուտից. փոխնախարար

Վարկը ձևակերպվում է վերամշակողի անունով, մինչդեռ գումարը փոխանցվում է միանգամից գյուղացու հաշվեհամարին: Առևտուրն ընթանում է հարթ, առանց պարտք ու պահանջի: Վերամշակող ընկերության տնօրեն Վահե Խազարյանի խոսքով, այս տարի արդեն մեր ամբողջ մթերումները իրենք ուղղորդում են հենց այդ ուղղությամբ. «Վերամշակողին դա կայծ է տալիս, որ դու ավելի ռիսկով որոշում կայացնես, վարկային բեռ վերցնես»:

Նշենք, որ եթե նախորդ տարի այս ծրագիրը պիլոտային էր, ապա այս տարի այն հիմնական է. մշակողն ու գյուղացին պայմանագիր են կնքում, այս ծրագրով վերամշակողները հնարավորություն ունեն մինչև մեկ մլրդ դրամի վարկ ստանալ մեկ տարով:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ այս տարի հիմնական ծրագրով նախատեսում են յուրաքանչյուր շահառուի հաշվով մինչև մեկ միլիարդ դրամի վարկավորում։ Ընդհանուր վարկային պորտֆելը կարող է կազմել մինչև 18 մլրդ դրամ: Այսօրվա դրությամբ արդեն 18 կազմակերպություններ դիմել են, նախնական դրական եզրակացություն ստացել են, որից 10-ը վարկավորվել է: Ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 750 մլն դրամ:

Ծրագրից օգտվել ցանկացողները դիմում են գյուղնախարարություն կամ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներ: