Փաշինյանի ուշադրության կենտրոնում արդարադատության ոլորտն է. նա հանդիպել է փորձագետների հետ

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ:

Փաշինյանը Կարապետյանին խոստացել է աշխատանքի ընդունել ռուսաստանաբնակ հայ երիտասարդներին

Փաշինյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության ապահովման, արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին և հավելել, որ դրանք գտնվում են կառավարության առաջնահերթությունների թվում:

Գործադիրի ղեկավարը շեշտել է արդարադատության ոլորտի միջազգային փորձագետների հետ համագործակցության անհրաժեշտությունն ու փորձի փոխանակումը:

Փորձագետները վարչապետին են ներկայացրել հետհեղափոխական և անցումային փուլերում տարբեր երկրներում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձը, իրենց դիտարկումները Հայաստանում իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը գնահատել են որպես անցումային արդարադատությանը բնորոշ քաղաքականություն:

Փորձագետները պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ և անցումային այս փուլում նպաստել մեր երկրի արդարադատության համակարգի արդիականացմանը: