Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալն ազատվել է իր դիմումի համաձայն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 Հուլիս — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն՝ իր դիմումի համաձայն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Փաշինյանը շտապ իր մոտ է հրավիրել ՀՀ ռազմական տեսուչի տեղակալին

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ իր քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին բացատրություններ տալու: Լուրեր էին տարածվել, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ: «Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի»,- Sputnik Արմենիային ասել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Արցախյան զարթոնք» խմբի կողմից լուսանկար էր տարածվել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, որը ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ  կազմակերպվող հանրահավաքին:

Հիշեցնենք նաև, որ Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: