Մայր Աթոռից ինֆորմացիայի արտահոսք կա. ովքե՞ր են մեղավորները. «Փաստ»

«Փաստի» տեղեկություններով` համակարգված գործողություններ են ընթանում մեր երկրում ՀԱԵ դիրքերի թուլացման, ըստ այդմ՝ արժեհամակարգերի խարխլման ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան շուրջ ծավալվող իրադարձությունները ուշագրավ զարգացումներ են ստանում:

Օսիպյանը հրամայել է քննության առնել կաթողիկոսի հետ կապված միջադեպը

«Փաստի» տեղեկություններով, այս օրերին Մայր Աթոռում հատկապես անհանգստացած են երկու թեմայով. առաջինը արված վերլուծությունների արդյունքն է, ըստ որի ուշագրավ զուգահեռներ են ի հայտ եկել վերջին երեք ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, Հայաստան կատարված մի քանի այցերի ու ներկայիս գործընթացների միջև:

Նախնական տպավորությամբ, որոշակի համակարգված գործողություններ են ընթանում մեր երկրում ՀԱԵ դիրքերի թուլացման, ըստ այդմ՝ արժեհամակարգերի խարխլման ուղղությամբ: Դրա արդյունք է համարվում նաև ազգային արժեքներն ու հայրենասիրությունը կեղծ արժեքներ գնահատելու հերթական արշավը:

Հոգևորականներին, մեր տեղեկություններով, մտահոգել է նաև այն հանգամանքը, որ Մայր Աթոռից պարբերաբար տեղեկատվության արտահոսք է կազմակերպվում դեպի բողոքի ակցիաների կազմակերպիչները կամ նրանց դրդողները:

Խոսքը որոշ գաղտնի փաստաթղթերի, ինչպես նաև Վեհափառի՝ հանրայնորեն ոչ հայտնի տեղաշարժերի մասին է, այդ թվում՝ վերջին ուխտագնացության: Դիվանատանը փորձում են հասկանալ, թե ով կամ ովքեր են ներսից տեղեկատվություն դուրս հանում»: