ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Տեղեկությունը, ըստ որի` հուլիսի 1-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1 տարեկան երեխայի մահը հաջորդել է պատվաստմանը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ երեխան պատվաստվել է հունիսի 19-ին, ոչ թե 29-ին, ինչպես հայտնել են լրատվամիջոցները:
«Երեխայի մոտ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի էպիկրիզի համաձայն` առկա է եղել «սուր ռեսպիրատոր վարակ, երկկողմանի թոքաբորբ, հիպերթերմիկ, ինտեստինալ համախտանիշ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճանի, ԹԱՇ /թոքերի արհեստական շնչառություն/ վիճակ»»,- հայտնում է գերատեսչությունը:
Նախարարությունից վստահեցնում են, որ երեխայի մահը պատվաստման հետ բացարձակ կապ չունի, ու նման շահարկումներն ու թերի տեղեկատվության տարածումն առնվազն անթույլատրելի են: